Jump to content

Ջորջ Փաթթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Փաթթոն
անգլ.՝ George Smith Patton Jr.
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1885(1885-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Գաբրիել, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ San Gabriel Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 21, 1945(1945-12-21)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրՀայդելբերգ, Գերմանիան 1945-1949 թվականներին[4]
ԳերեզմանԼյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և Douglass High School?
Մասնագիտությունինքնակենսագիր, լողորդ, ռազմական գործիչ և բանակի սպա
ԱմուսինBeatrice Banning Ayer?[2]
Ծնողներհայր՝ George S. Patton?, մայր՝ Ruth Wilson?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն2nd Armored Division?, 2nd Armored Division?, I Armored Corps?, II Corps?, I Armored Corps?, Seventh United States Army?, United States Army Central? և Fifteenth United States Army?
ԵրեխաներGeorge Patton IV?
Ստորագրություն
Изображение автографа
 George S. Patton Վիքիպահեստում

Ջորջ Սմիթ Փաթթոն Կրտսեր (անգլ.՝ George Smith Patton, Jr.,նոյեմբերի 11, 1885(1885-11-11)[1][2][3][…], Սան Գաբրիել, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և San Gabriel Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 21, 1945(1945-12-21)[1][2][3][…], Հայդելբերգ, Գերմանիան 1945-1949 թվականներին[4] ), ամերիկացի զորահրամանատար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան շտաբի գլխավոր գեներալներից մեկը, տանկային կորպուսի հրամանատար, որը մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, 1943-1945 թվականների Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ ռազմական արշավների ակտիվ մասնակից։

Ջորջ Փաթթոնը ծնվել է Ջորջ Սմիթ Փաթթոնի և Ռութ Ուիլսոնի ընտանիքում։ Հայրը, որն աշխատում էր որպես փաստաբան, ազգակցական կապ ուներ ամերիկացի գեներալ Ուոլլեր Փաթթոնի հետ, որը քաղաքացիական պատերազմի ընթացքում կռվել է Ամերիկայի համադաշնային նահանգներում և զոհվել Գեթիսբերգի ճակատամարտում։ Պապը՝ նույնպես Ջորջ Փաթթոն անունով, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին Վիրջինիայի 22-րդ հետևակային գունդի հրամանատար է եղել։ Մանկության տարիներին Ջորջ Փաթթոն Կրտսերը չէր կարողանում կարդալ և գրել։ Պատմաբան Ալան Աքսելրոդը նշում է, որ դա կարող էր դիսլեքսիայի հետևանք լինել[8]։ Չնայած այդ դժվարություններին, հասուն տարիքում ընթերցանությունը նրա սիրելի զբաղմունքն էր։ Նա նախնական կրթությունը ստացել է տանը, իսկ 11 տարեկանում ընդունվել է Փասադենայի Սթիվեն Քլարք դպրոց, որտեղ սովորել է վեց տարի։ Դպրոցական տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռազմական պատմության նկատմամբ՝ կարդալով Հուլիոս Կեսարի, Ժաննա դ’Արկի, Նապոլեոն Բոնապարտի և Սկիպիոնի մասին գրքեր։

1903–1904 թվականներին ուսանել է Վիրջինիայի ռազմական ինստիտուտում[9]։

1909 թվականին ավարտել է ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան՝ Վեստ Փոյնթը։

1912 թվականի ամառային Օլիմպիական խաղերում մասնակցել է ժամանակակից հնգամարտի մրցույթին, որն առաջին անգամ էր ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում։ Նա զբաղեցրել է հինգերորդ տեղը և դարձել ոչ շվեդ մասնակիցների մեջ ամենաուժեղը։

Իր ռազմական կարիերան սկսել է 1913 թվականին՝ որպես հեծելազորային լեյտենանտ։ 1916–1917 թվականներին Մեքսիկայ արշավի ժամանակ ծառայել է որպես գեներալ Պերշինգի ադյուտանտ[10]։

Գործողություններ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Առաջին համաշխարհային պատերազմին ներգրավման ժամանակ՝ գեներալ Ջոն Պերշինգը Ջորջ Փաթթոնին է շնորհել կապիտանի զինվորական աստիճան։ Ապագայում՝ Փաթթոնի անձնական խնդրանքով, Պերշինգը նրան գործուղել է ԱՄՆ-ի նորաստեղծ զրահատանկային զորքեր։ 1917 թվականին տեղի է ունեցել Կամբրեի ճակատամարտը, որտեղ տանկերը պատմության մեջ առաջին անգամ հանդես են եկել որպես իրական մարտական ուժ։ Քանի որ ամերիկյան տանկային զորքերը այդ մարտին չեն մասնակցել, Փաթթոնը, ամենայն հավանականությամբ, ներկա էր որպես դիտորդ[11]։

Ֆրանսիայի Լանգր քաղաքում տանկային զորքերի համար ուսումնական հաստատության հիմնադրման և իր ընդհանուր վաստակի համար Փաթթոնը նախ ստացել է մայորի, ապա փոխգնդապետի կոչում։ Այնուհետև ծառայել է Ամերիկյան տանկային կորպուսում, որը այդ ժամանակ գտնվում էր Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի կազմում, և հետագայում դարձել է ԱՄՆ 1-ին բանակի մի մասը։

1918 թվականի սեպտեմբերին Փաթթոնը մասնակցել է Սեն-Միէլի ճակատամարտին, որտեղ վիրավորվել է, երբ փորձում էր օգնություն կանչել տանկային ստորաբաժանման համար։ Փամփուշտը մտել է մարմնի հետույքային մկանի հատվածով և դուրս է եկել մյուս կողմից։ Ժամանակակիցների վկայությամբ՝ տարիներ հետո զինվորական միջոցառումներին նա հաճախ ցույց էր տալիս այդ սպին՝ կատակով իրեն անվանելով «կես հետույքով գեներալ» (անգլ.՝ half-assed general)[12][13]։ Վիրահատումից և ապաքինումից հետո նա վերադարձել է ծառայության։

Մեզ-Արգոնի ռազմական գործողություններին մասնակցելու համար Փաթթոնին շնորհվել է գնդապետի կոչում։ Նա պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով և «Բացառիկ ծառայությունների համար» խաչով , իսկ մարտական վիրավորման համար՝ «Մանուշակագույն սիրտ» մեդալով։

1919 թվականին՝ Վաշինգտոնում ծառայության ընթացքում, կպիտան (նա ժամանակավոր զրկվել էր փոխգնդապետի կոչումից) Փաթթոնը ծանոթացել է Դուայթ Այզենհաուերի հետ և դարձել նրա մտերիմ ընկերներից մեկը: Հետագայում Այզենհաուերը մեծ դեր է ունեցել Պատոնի կարիերայի աճի գործում: 1932 թվականին Այզենհաուերի ղեկավարությամբ Փաթթոնը Առաջին համաշխարհային պատերազմի վետերանների («Բոնուսային բանակի») ցույցի ցրելու ժամանակ հրամանատար է եղել:

1920-ականների սկզբին Փաթթոնը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրել է բողոք, պահանջելով ավելացնել երկրի զրահատանկային զորքերի ֆինանսավորումը, սակայն նրան մերժել են: Այդ ժամանակահատվածում նա մասնագիտական հոդվածներ էր գրում զրահատանկային մարտավարության և ընդհանուր զրահատանկային զորքերի վերաբերյալ, առաջարկում էր նոր մեթոդներ և մարտավարական հնարքներ, և ինքնուրույն շարունակում էր աշխատել զրահատանկերի կատարելագործման ուղղությամբ։ Օրինակ՝ հանդես Է եկել նորարար առաջարկներով ռադիակապի կիրառման և զրահատանկային աշտարակների կառուցվածքի բարելավման մասին: Սակայն հասարակական հետաքրքրության բացակայությունը զրահատանկային զորքերի և զրահատանկերի նկատմամբ ընդհանուր առմամբ խոչընդոտել է նրա ծառայողական առաջընթացին, ինչի հետևանքով նա վերադարձել է հեծելազորին:

Գործողություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվել էր Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության քննարկումը, Փաթթոնը 2-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար էր, որը 1941 թվականին տարբեր հաջողություններով մասնակցել է Լուիզիանայի և Կարոլինայի զորավարժություններին։ Այս դիվիզիան տեղակայված էր Ֆորտ-Բենինգում՝ Ջորջիա նահանգում, մինչև գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ջեյքոբ Լ. Դիվերսի հրամանը, ըստ որի դիվիզիան և նրա հրամանատարը պետք է տեղափոխվեին նորաստեղծ «Անապատային ուսումնական կենտրոն» (անգլ.՝ Desert Training Center) Ինդիոյում՝ Կալիֆոռնիա նահանգում։

Դիվերսը Պաթթոնին նշանակել է 1-ին մեխանիզացված կորպուսի հրամանատար, և Փաթթոնը մնաց է այս պաշտոնում մինչ դաշնակիցների ներխուժումը Հյուսիսային Աֆրիկա։

1942 թվականի հունիսի 3-ին Փաթթոնը եզրակացրել է, որ ճապոնացիները ցանկացած պահի կարող են ոտք դնել Մեքսիկայի ծովափին, որը հենց մի քանի օր առաջ՝ 1942 թվականի մայիսի 22-ին, միացել էր հակահիտլերյան կոալիցիային։ Նա վստահ էր, որ ճապոնացիները այնտեղից օդային աջակցությամբ շարունակելու են առաջխաղացումը դեպի հյուսիս, իսկ Ճապոնական ռազմական նավատորմը կարող է ներխուժել Կալիֆոռնիայի ծովածոցի ջրեր։ Երեք օրվա ընթացքում Փաթիը կորպուսը բերել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, որպեսզի ցանկացած պահի կարողանան պաշտպանել երկիրը հնարավոր ներխուժումից[14]։

1942 թվականի հունիսի 6-ին ճապոնական ուժերը մտել են Ալեուտյան կղզիներ։

Պատերազմ Հյուսիսային Աֆրիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին գեներալ-մայոր Փաթթոնը ԱՄՆ բանակի Արևմտյան կոնտինգենտի հրամանատարն էր, որը «Ֆակել» օպերացիայի ժամանակ վայրէջք է կատարել Մարոկկոյի ափին։ Նա և իր շտաբը ժամանել են Մարոկկո «Ավգուստա» (անգլ.՝ USS Augusta ) (CA-31) սիրված նավով, որը Կասաբլանկայի նավահանգիստ մտնելիս հայտնվել է ֆրանսիական «Ժան Բարը» գծանավի կրակահերթերի տակ։

1943 թվականին, երբ ԱՄՆ բանակի Երկրորդ կորպուսը՝ որպես Բրիտանիայի 1-ին բանակի մաս, Կասերինի ձորում պարտվել Գերմանական «Աֆրիկա» կորպուսին, գեներալ Էյզենհաուերը գնահատել է այն անհաջողությունների պատճառները, որոնք ներկայացվել էին գեներալ-մայոր Օմար Բրեդլիի հաշվետվության մեջ։ Արդյունքում Փաթթոնին է շնորհվել գեներալ-լեյտենանտի կոչում, և 1943 թվականի մարտի 6-ին նրան նշանակել են ԱՄՆ բանակի Երկրորդ կորպուսի հրամանատար։ Հետագայում Բրեդլին նշանակվել է նրա տեղակալը։ Այսպես սկսվել է երկարատև համագործակցություն երկու տարբեր անձանց միջև, որը բացառապես կարող էր դրսևորվել ռազմական պայմաններում։

Փաթթոնը, որն իր ենթականերին խիստ մարզում ու կարգի է բերում, զորքերի շրջանում հայտնի չէր, սակայն բոլոր զինվորները ցանկանում էին ծառայել հենց նրա հրամանատարության ներքո, քանի որ նրանք կարծում էին, որ Փաթթոնի գլխավորությամբ ծառայելը մեծագույն շանսեր է տալիս կենդանի տուն վերադառնալու[14]։


Ջորջ Փաթթոնը Վիրջինիայի ռազմական ինստիտուտում

Երկրորդ կորպուսում՝ Լոյդ Ֆեդերնալի հրամանատարության ներքո, ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան սպաները նկատում էին կարգապահության թուլացում ու որոշակի անհարգելիություն։ Փաթթոնը պարտավորեցրել է բոլորին կրել պողպատե գլխարկներ, նույնիսկ աշխատանքային հագուստով քաղաքացիական անձանց, իսկ զինվորներին՝ կրել անհարմար տաբատներ ու կոշտ գլխարկներ։ Ամեն տղամարդ պետք է ամեն օր սափրվեր և պահպաներ զինվորական համազգեստի կրման կանոնները։ Թև այս միջոցները Փաթթոնին ճանաչություն չեն բերել, բայց դրանք վերականգնել են կարգապահությունը և զինվորականի հպարտ զգացումը։ Այս ամենի համար նրան տվել էին «հին արյուն և աղիքներ» մականունը։

Կարգապահական միջոցները արագ արդարացրել են իրենց։ Մարտի կեսին 1-ին բրիտանական բանակի հետ համատեղ հակագրոհը դուրս է մղել գերմանացիներին ավելի արևելք, իսկ 8-րդ բրիտանական բանակը՝ գեներալ Բեռնարդ Լո Մոնտգոմերի գլխավորությամբ, ազատագրել է Հյուսիսային Աֆրիկայի տարածքները։

Արշավ Սիցիլիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկայում զորքերի հաջող հրամանատարության արդյունքում Փաթթոնին վստահվել է ԱՄՆ 7-րդ բանակի հրամանատարությունը՝ Սիցիլիա ներխուժման նախապատրաստական փուլում։ 7-րդ բանակի հիմնական խնդիրն էր պաշտպանել 8-րդ բրիտանական բանակի ձախ (արևմտյան) թևը, մինչդեռ ընդհանուր նպատակը դեպի հյուսիս առաջ շարժվել է և Մեսինա քաղաք հասնելը։

7-րդ բանակը կանխարգել է մի քանի գերմանական հակահարձակումներ ծովափնյա պլացդարմի գոտում՝ հյուսիսային առաջխաղացմանը նախորդող շաբաթում։ Արևելքում 8-րդ բրիտանական բանակը կանգ էր առել Էտնա հրաբխի հարավում՝ գերմանական ուժեղ պաշտպանական մարտավարությունների պատճառով առաջ շարժվել չկարողանալով։ Հրամանատար Հարվարդ Ալեքսանդերը չԻ կարողանում պատշաճ ձևով համակարգել երկու բանակների գործողությունները, ինչի պատճառով Մոնտգոմերիին ստիպված է եղել նախաձեռնություն ցուցաբերել և հանդիպել Փաթթոնի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել ընդհանուր ռազմավարություն և համատեղել զորքերի գործողությունները։

Փաթթոնը կազմել է ժամանակավոր կորպուս՝ իր հրամանատարության ներքո։ Արդյունքում՝ զորքերը արագ առաջ են գնացել Սիցիլիայի արևմտյան հատվածով, գրավել մայրաքաղաք Պալերմոն և ապա առաջ շարժվել դեպի Մեսինա։ Ամերիկայի զորքերը ազատագրել են Մեսինան՝ համաձայն Մոնտգոմերիի և Փաթթոնը մշակած ծրագրի, սակայն իտալական և գերմանական զորքերին ավիացիայի և ռազմածովային ուժերի զգալի առավելություն էր տրամադրվում, ինչը թույլ է տվել նրանց էվակուացնել զորքերը և ծանր տեխնիկան Մեսսինայի նեղուցով՝ դեպի Իտալիայի մայրցամաք։

Ծեծկռտուք։ Պաշտոնից հեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Ջորջ Սմիթ Փաթթոնը հայտնի էր հակառակորդի նկատմամբ իր կոշտ և դաժան վերաբերմունքով։ Նրա արյունարբու ճառերը մեղադրանքների տեղիք են տվել ազգային ատելություն հրահրելու համար, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է Բիսկարիի կոտորածին։ Կոտորածը այն երկու դեպքերի ընդհանրական անվանումն է, երբ 45-րդ հետևակային դիվիզիայի ամերիկացի զինվորները սպանել են 74 անզեն իտալացի ռազմագերու և երկու գերի ընկած գերմանացու։ Կրակողներից մեկը բացատրել է, որ իրենց գործողությունների դրդապատճառը գեներալ Պատոնի խոսքերն են[15]։

Դեպք և դրա հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալը խնդիրներ է ունեցել 1943 թվականի օգոստոսի Սիցիլիայի հյուսիսային ափին գտնվող 93-րդ հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հոսպիտալ այցելելիս և վիրավոր զինվորներին զննելիս նա բռնություն և բանավոր վիրավորանքներ է թույլ տվել երկու շարքայինների նկատմամբ, որոնք բուժվում էին պալատներից մեկում։ Մեր օրերում այս հիվանդներին, ամենայն հավանականությամբ, կախտորոշվեր «հետտրավմատիկ սթրեսային խանգարում» (անգլ.՝ Post-Traumatic Stress Disorder), իսկ այն ժամանակվա ախտորոշումը հնչում էր որպես «նյարդային հյուծում մարտական պայմաններում» (անգլ.՝ shell shock)[16]։ Զինվորները լուրջ նյարդային խանգարում էին ունեցել, բայց մարմնի վրա տեսանելի վերքեր չկային։

Ականատեսների վկայությամբ՝ Փաթթոնը անսպասելիորեն է հայտնվել հոսպիտալում։ Ողջունելով դիմավորող սպային՝ մայոր Չարլզ Էտտերին, նրա հետ մտել է վրան, որտեղ տեղավորված էին նոր ժամանած հիվանդների տասնհինգ մահճակալներ։ Հարցեր տալով՝ նա շարժվում էր մահճակալների շարքով։ Գեներալի հարցին, թե ինչպես է նրա վիճակը, չորրորդ հիվանդը՝ շարքային Փոլ Բեննեթը, հայտարարել է.

Նյարդերս կարգին չեն։ Երբ արկերը թռչում են՝ լսում եմ, բայց պայթյունները՝ ոչ։
Փաթթոնը՝ Ռենո FT-17 տանկի ֆոնին, Ֆրանսիա, 1918 թվական

Ի պատասխան՝ Փաթթոնը հարվածել է նրան և սկսել բղավել՝ անվանելով նրան և իր հարևանին վախկոտ և զինվորի կոչմանն անարժան։ Փաստորեն՝ Փաթթոնը անարդարացիորեն երկուսին էլ մեղադրել է ռազմական գործողություններից խուսափելու մեջ։

Միջադեպին ներկա լրագրողները միասին որոշել են այն հրապարակայնացնել, բայց հոսպիտալի բժիշկները օգտագործել են հրամանատարության մեջ ունեցած իրենց կապերը և միջադեպի մասին տեղեկացրել են Էյզենհաուերին։ Էյզենհաուերը ծրագրեր է ունեցել Փաթթոնին նախատինքով հետ ուղարկել ԱՄՆ, ինչպես պահանջում էին բազմաթիվ թերթեր՝ պաշտոնական հետաքննության պատճառով, քանի որ չէր կարող չտեղեկացնել հասարակությանը այդ մասին։ Սակայն Ջորջ Մարշալի հետ խորհրդակցելուց հետո Էյզենհաուերը որոշել է թողնել Փաթթոնին՝ հեռացնելով նրան զորքերի անմիջական հրամանատարությունից։ Բացի այդ, Էյզենհաուերը Փաթթոնին պարտավորեցրել է պաշտոնական ներողություն խնդրել անձամբ այդ երկու զինվորներից և հրապարակայնորեն՝ հոսպիտալի անձնակազմից։

Փաթթոնի գործողությունները հեռացումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Էյզենհաուերը օգտագործել է Փաթթոնի՝ հակառակորդի աչքում հարձակողականի համբավ ունեցողի աշխատանքից ազատումը, որպեսզի մոլորեցնի գերմանացիներին՝ մայրցամաք ներխուժման վայրի վերաբերյալ։ Հաջորդ 10 ամիսների ընթացքում Փաթթոնին մնացել է Սիցիլիայում. նա հեռացված է թե՛ հրամանատարությունից, թե՛ ծառայությունից, ինչը գերմանացիների կողմից մեկնաբանվում է որպես Հարավային Ֆրանսիա շուտափույթ ներխուժման որոշակի ակնարկ։ Ընդ որում, Փաթթոնը անգործության չէր մատնվաղ, այլ Էյզենհաուերի հետ համաձայնեցված կերպով ուժեղացնում էր այդ տպավորությունը և նպաստում հակառակորդի ռեսուրսների ցրմանը։ Ավելի ուշ նրա գտնվելը Կահիրեում գերմանացիների կողմից կմեկնաբանվեի որպես Բալկաններով հարձակման նախապատրաստման նշան։ Գերմանական արտաքին հետախուզությունը սխալ է մեկնաբանել տեղի ունեցածը և, որպես հետևանք, մի շարք ճակատագրական սխալներ է թույլ տվել միացյալ զորքերի խմբի պլանները կանխատեսելիս։

1944 թվականի հունիսից և Նորմանդիա ներխուժման պահից մի քանի ամիս առաջ Փաթթոնը սկսում է լուրեր տարածել իրականում գոյություն չունեցող ԱՄՆ 1-ին բանակային խմբի (անգլ.՝ First U.S. Army Group, կրճատ՝ «FUSAG») մասին՝ իր խոսակցություններում հանդես գալով որպես այդ խմբի հրամանատար։ Նրա խոսքերով՝ այդ բանակային խումբը պետք է ներխուժեր Ֆրանսիա՝ անցնելով Պա դե Կալե նեղուցը։ Այս խոսակցությունները «Ոգու ուժ» (անգլ.՝ Operation Fortitude) կոդային անվանումով ռազմական գործողության մաս էին կազմում։ Օպերացիայի արդյունքը գերմանական հրամանատարության կողմից ուժերի և ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումն էր, ինչը մեծ խնդիրներ է ստեղծել «Դ» օրը Նորմանդիայում դաշնակիցների հարվածը հետ մղելու համար։

Վայրէջք Նորմանդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթթոնը ստանձնում է ԱՄՆ 3-րդ բանակի հրամանատարությունը, երբ սկսվում Նորմանդիա ներխուժումը , որը, աշխարհագրական տեսանկյունից, ռազմական գործողությունների արևմտյան թատերաբեմում զբաղեցնում էր դաշնակիցների ուժերի նկատմամբ ծայր աջ (արևմտյան, այնուհետև հարավային) դիրքը։

Փաթթոնը գերմանացիների դեմ օգտագործել է նրանց իսկ «Կայծակնային պատերազմ» մարտավարությունը՝ երկու շաբաթվա ընթացքում անցնելով վաթսուն մղոն (97 կմ) հեռավորություն՝ Ավրանշից մինչև Արժանտան։ Գեներալ Փաթթոնի ուժերը դաշնակիցների միացյալ ուժերի մաս էին կազմում, որոնք ազատագրում էին Ֆրանսիան՝ հասնելով Փարիզ։ Քաղաքն ինքը ազատագրվել է Ֆրանսիական 2-րդ տանկային դիվիզիայի կողմից, որը գտնվում էր գեներալ Լեկլերկի հրամանատարության ներքո, որի զինվորները կռվում էին հենց քաղաքում, և ԱՄՆ 4-րդ հետևակային դիվիզիայի կողմից։ 2-րդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները նոր էին անցել նրա ենթակայության տակ 3-րդ բանակից, և շատ զինվորներ դեռ վստահ էին, որ 3-րդ բանակի մաս են կազմում։ Այս փաստը բնութագրում է Փաթթոնի զորքերի բարձր շարժունակությունը և նրա հրամանատարական ոճի ագրեսիվությունը։ Հաջողությանը, անշուշտ, նպաստել է նաև դաշնակիցների շտաբերի կողմից ստացված տեղեկատվությունը, որը նշված էր «Ուլտրա» գրիֆով։ Այս տերմինով ընդհանրացված կերպով անվանում էին գերմանական Էնիգմա գաղտնագրման մեքենայի ալգորիթմը բացահայտելու միջոցով անգլիացիներին հայտնի ամբողջ գաղտնի տեղեկատվությունը։

Գեներալ Փաթթոնի հարձակումը, չնայած բոլոր հաջողություններին, կանգ է առաել 1944 թվականի օգոստոսի 31-ին, երբ 3-րդ բանակը կանգնել է Մոզել գետի մոտ՝ Ֆրանսիայի Մեց քաղաքի մոտ։ Բերագանը իր ռազմական մարտավարության մասին աշխատության մեջ պնդում է, որ Փաթթոնի հավակնությունները և այն, որ նա չի ճանաչում այն փաստը, որ ինքը ընդամենը հարձակվող ուժերի երկրորդ գծում է, բացասական դեր են խաղացել[17]։

Այլ պատմաբաններ ենթադրում են, որ հարձակվող բանակի ուժերը սահմանափակել էր գեներալ Լիին, որը որոշել էր իր զորամիավորման կառավարումը տեղափոխել ավելի հարմարավետ գոտի՝ Փարիզ։ Արդյունքում, մոտ 30 ավտոմոբիլային վաշտեր զբաղված էին բեռնափոխադրումով, թեև կարող էին օգտագործվել զորքերին մատակարարելու և տեղափոխելու համար։ Փաթթոնը ենթադրում էր, որ հրամանատարությունը վառելիք կխնայի՝ աջակցելու արշավի հաջողությանը, այդ թվում՝ լոգիստիկայի օպտիմալացման միջոցով, սակայն տարբեր պատճառներով վառելիքի ռեսուրսները տրվել էին Մոնտգոմերիին, իսկ տրանսպորտային ռեսուրսները զբաղված էին երկրորդական փոխադրումներով։ Փաթթոնը հրաժարվում էր դանդաղ հարձակվելուց և, ուժերի ու միջոցների անբավարարության պատճառով, 3-րդ բանակը մնաել էր Էլզաս-Լոթարինգիա գծի վրա՝ պաշտպանության չանցնելով միայն գերմանական զորքերի թուլության պատճառով։

Փաթթոնը կարծում էր, որ դաշնակիցների ուժերի հիմնական առավելությունը շարժունակությունն է։ Այն ձեռք էր բերվում բեռնատար մեքենաների հսկայական քանակի, տանկերի հուսալիության, լավ ռադիոկապի, կատարյալ նյութատեխնիկական և մարտական ապահովման և այլ մանրուքների հաշվին, որոնք միասին բանակին հնարավորություն էին տալիս արագ և համահունչ գործել։ Դանդաղ հարձակումները հանգեցնում էին անձնակազմի շրջանում մեծ կորուստների և տեխնիկայի կորստի, ինչպես նաև թույլ էին տալիս հակառակորդին ամրապնդվել, ապա կազմակերպված նահանջել մեկ դիրքից մյուսը՝ հակառակորդին պարտադրելով իր մարտավարությունը։ Փաթթոնը հրաժարվում էր այդպես գործել և պնդում էր, որ անհրաժեշտ է ռեսուրսների գերազանցությունը վերածել նախաձեռնության գերազանցության։

Դաշնակիցների ուժերի համալրումների տեղափոխման համար ծախսված ժամանակը բավարար էր գերմանական զորքերի համար Մեց ամրոցը երկար պաշտպանության նախապատրաստելու համար։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 3-րդ բանակը գործնականում միայն դիրքային պատերազմ էր վարում։ Իրավիճակը գրեթե անելանելի էր դարձել։ Երկու կողմերից էլ ծանր կորուստներ էին ունենում։ Միայն նոյեմբերի 23-ին Մեցը վերջնականապես հանձնվել է ամերիկացիներին։

Հարձակում Արդենների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի վերջում գերմանական բանակը փորձել է ստեղծել պաշտպանական գիծ Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հյուսիսարևելյան Ֆրանսիայի տարածքներում։ Արդենների ռազմագործողություն պաշտոնապես ղեկավարում էր գերմանացի ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտադտը։ 1944 թվականի դեկտեմբերի 16-ին նա կենտրոնացրել էր 29 դիվիզիան (մոտավորապես 250 հազար զինծառայող) դաշնակիցների ճակատային գծի թույլ հատվածում և իրականացրել խոր ներթափանցում դեպի Մաաս գետ։

Սկսվել է Եվրոպայի համար անսովոր սառը ձմեռ։ Ձյունը կաթվածահար էր արել երկու կողմերի տանկային զորքերի տեղաշարժը։ Ուղղակի մեկ օր բարենպաստ եղանակի անհրաժեշտություն կար․ այդ պայմաններում Փաթթոնը հրամայում է ԱՄՆ 3-րդ բանակի հոգևորական Ջեյմս Օ’Նեյլին աղոթել՝ խնդրելով Աստծուն ապահովել թռիչքի համար հարմար եղանակ։ Շուտով աղոթքից հետո ամպերը ցրվել են։ Փաթթոնը հենց աղոթքի վայրում պարգևատրել է Օ’Նեյլին «Բրոնզե աստղով»[18]։

Ստանալով օդային աջակցություն՝ բանակը սկսել է հակահարված տալ Ռունդշտեդտի զորքերին։ Փաթթոնը հանկարծակի շրջում է իր զորքերը, ինչը համարվում է նշանակալի ձեռքբերում ռազմավարության և մատավարության համար, և միաժամանակ ապահովում է ուժերի դուրսբերում՝ միանալով Բաստոնում շրջափակման մեջ գտնվող ուժասպառ 101-րդ դեսանտային դիվիզիային, որի ժամանակավոր հրամանատարը բրիգադի գեներալ Էնթոնի Մաքոլիֆն էր։ Մինչև փետրվար գերմանացիները նահանջում էին ամբողջ ճակատով, և Փաթթոնը տեղափոխվել է դեպի ճակատի մեկ այլ հատված՝ Գերմանիայի Սաարի հանքավազան։ 1945 թվականի մարտի 22-ին 3-րդ բանակի տեղափոխությունն ավարտվել է Օպենհայմում՝ Ռեյնի գետի ափին։

Փաթթոնը ծրագրում էր ազատագրել Պրահան գերմանացիներից, երբ ամերիկյան բանակի առաջխաղացումը կասեցվել էր։ Նրա զորքերը ազատագրել են Պլզենը (1945 թվականի մայիսի 6-ին) և Բոհեմիայի արևմտյան հատվածի հիմնական մասը։

Պատերազմի ավարտից հետո Փաթթոնը դարձաել է զրահատեխնիկայի կիրառման գլխավոր կողմնակիցն հետագա ռազմական գործողություններում։

Ռազմագործողություն Գերմանիայի տարածքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի փետրվարին գերմանական պաշտպանությունը փլուզվել է Փաթթոնի 3-րդ բանակի շեշտակի հարձակումից։ 1945 թվականի փետրվարի 23-ին ԱՄՆ 94-րդ զորամասը հատել է Սաարի գետը և հաստատել կյանքի համար շատ կարևոր պլացդարմ Սերինգե քաղաքում, որով Փաթթոնը զորքեր է ուղարկել Սաարի շրջան։ Փաթթոնը պնդել է անհապաղ հատել Սաար գետը ՝ չնայած իր սպաների խորհուրդներին։

2025 թվականի հունվարի 29-ից մինչև մարտի 22-ը 3-րդ բանակը գրավել է Տրիրը, Կոբլենցը, Բինգենը, Վորմսը, Մայնցը, Կայզերսլաուտերն ու Լյուդվիգսհաֆենը, սպանել կամ վիրավորել 99,000 գերմանացի զինվոր և գերեվարել 140112 զինծառայողի՝ առաջին և յոթերորդ գերմանական բանակներից։ Փաթթոնը սարկաստիկ հումորի օրինակ է, երբ նրան հանձնարարել էին շրջանցել Տրիրը, քանի որ դրա գրավման համար անհրաժեշտ էր 4 դիվիզիա։ Երբ հաղորդել են, որ Տրիրը արդեն ընկել է, Փաթթոնը կոպտորեն պատասխանել է․

Տրիրը վերցրեցի երկու ջոկատով։ Ուզո՞ւմ եք, որ վերադարձնեմ։

Մարտի 22-ին՝ կամրջի կառուցումից հետո, 3-րդ բանակը սկսել է անցնել Ռեյն գետով, և այդ նույն գիշեր դիվիզիան հատել է գետը։ Փաթթոնը հետագայում հպարտորեն ասել է, որ անցնելիս միզել է գետում։ 1945 թվականի մարտի 26-ին Փաթթոնն ուղարկել է օպերատիվ «Բաում» խումբը՝ կազմված 314 զինվորից, 16 տանկից և այլ տեխնիկայից, 80 կիլոմետր ներթափանցելու գերմանական ճակատներից այն կողմ՝ Համենբուրգի մոտ՝ ազատագրելու OFLAG XIII-B ռազմագերիների ճամբարը։ Փաթթոնը գիտեր, որ գերիների մեջ իր փեսան էր՝ փոխգնդապետ Ջոն Կ. Ուոթերսն։ Վերջինս չի հաջողվել, և միայն 35 մարդ են վերադարձել, մնացածները սպանվել կամ գերեվարվել են, իսկ բոլոր տանկերն ու տեխնիկան՝ ոչնչացվել։ Փաթթոնն այս գործողությունը համարել է իր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թույլ տված միակ սխալը։

Ապրիլին 3-րդ բանակի դիմադրությունը գերմանական ուժերի կողմից զգալիորեն թուլացավ։ 1945 թվականի ապրիլի 14-ին Փաթթոնը ստացել է ԱՄՆ բանակի չորսաստղանի գեներալի կարգավիճակ։ Հետագայում նույն ամսին նա, Բրեդլին և Էյզենհաուերը զննում են Մերկերսի աղի հանքը և «Օրդրուֆ» ճամբարը։ Ճամբարի պայմանների տեսարանները Փաթթոնին շատ բարկացրին։ 3-րդ բանակը ուղարկվել է Բավարիայի և Չեխոսլովակիայի ուղղությամբ՝ վերջին գերմանական ստորաբաժանումները ջախջախելու համար։

Պատերազմի ավարտը 3-րդ բանակը դիմավորել է Արևմտյան Չեխիայում՝ ներթափանցելով այն տարածք, որն Յալթայում բաժին էր հասել Խորհրդային Միությանը։ 1945 թվականի մայիսի 4-ին ԱՄՆ 3-րդ բանակը մտավ Չեխոսլովակիա։ Ուինսթոն Չերչիլը պահանջում էր, որ Արևմտյան դաշնակիցները ազատագրեն Պրահան, մինչդեռ Ստալինը պահանջում էր ամերիկացիներին կանգ առնել Պլզենի մոտ՝ Պրահայից 80 կիլոմետր արևմուտք։ Մայիսի 7-ից Կարմիր բանակը նախատեսում էր մեծ հարձակողական գործողություն Չեխոսլովակիայում։ Էյզենհաուերը, չցանկանալով լրացուցիչ կորուստներ կրել և հակասություններ ունենալ ԽՍՀՄ-ի հետ, համաձայնվել է Ստալինի պահանջներին։ Ստալինի դիվանագիտական քայլերից հետո Փաթթոնին հրամայվել է նահանջել Պրահայից։ Նա չի չթաքցրել իր դժգոհությունը, քանի որ շատ էր ձգտում՝ արժանանալ Եվրոպական մայրաքաղաքներից մեկի ազատագրողի պարգևին[19]։

Ավտովթար և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի դեկտեմբերի 9-ին, Կալիֆոռնիա իր նախատեսված վերադարձից մեկ օր առաջ, Փաթթոնը ավտովթարի է ենթարկվել։ Նա և իր շտաբի պետ, գեներալ-մայոր Հոբարտ Գեյը, գնում էին որսորդության Մանհայմի արվարձաններում գտնվող որսավայրերում։ Հորաս Վուդրինգի վարած «Կադիլակ 75» մոդելի մեքենայում գեներալ Փաթթոնը նստած էր հետևի աջ նստարանին, իսկ գեներալ Գեյը՝ ձախից։ Տեղական ժամանակով ժամը 11:45-ին, Նեկարշտադտի մոտ, երկաթուղային անցման վրա, 2,5 տոննա քաշով «GMC» բեռնատարը (վարորդ՝ Ռոբերտ Լ. Թոմփսոն) կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գիծ։ «Կադիլակը» փոքր արագությամբ բախվել է բեռնատարին։ Գեներալ Փաթթոնը, որը այդ պահին քննարկում էր երկաթուղային անցումում տեսած մի պատկեր, առաջ է շպրտվել և ծանր վերք է ստացել՝ գլխով հարվածելով «Կադիլակի» հետևի նստատեղի ապակյա մասերից մեկին։ Գեյը, Վուդրինգը և Թոմփսոնը ստացել են միայն աննշան վնասվածքներ։

1945 թվականի դեկտեմբերի 21-ին կաթվածահար Փաթթոնը մահացել է էմբոլիայից ՝ Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի ռազմական հոսպիտալում, իր կնոջ ներկայությամբ։ Փաթթոնը թաղված է Լյուքսեմբուրգի ամերիկյան հուշահամալիր-գերեզմանատանը՝ ԱՄՆ 3-րդ բանակի մյուս զոհված զինվորների կողքին[20]։ Նրա աճյունը մեկ այլ գերեզմանատնից վերահուղարկավորվել է իր զինվորների գերեզմանների դիմաց գտնվող հանգստի վայրում։ Կենոտաֆը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Գաբրիել քաղաքի գերեզմանատանը՝ այն եկեղեցու կողքին, որտեղ Փաթթոնը մկրտվել էր։ Տաճարի խորանի նախամուտքում կան Փաթթոնին պատկանող առարկաներ, այդ թվում՝ տանկի վրա նրա լուսանկարը։ Եկեղեցու բակում տեղադրված է գեներալի արձանը։ Փաթթոնի մեքենան վերանորոգվել և օգտագործվել է տարբեր գերատեսչությունների կողմից։ Ներկայումս մեքենան, ինչպես նաև զորավարին պատկանող այլ առարկաներ, կարելի է տեսնել Կենտուկի նահանգի Ֆորտ Նոքսում գտնվող Գեներալ Ջորջ Փաթթոնի թանգարանում (անգլ.՝ General George Patton Museum)։

Անձի գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պատերազմից հետո գերմանացի ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտադտին հարցրել են ՝ գնահատելու իր դեմ դիմադրող գեներալներին, նա պատասխանել է «Պաթթոնը։ Նա ձեր լավագույնն էր»[21]։

Առաջնային աղբյուրներ

* George S. Patton, Jr., War As I Knew It;Houghton Mifflin
ISBN 0-395-73529-7 ;(1947/1975); (Soft Cover)
ISBN 0-395-08074-6 (1947/1975); (Hard Cover)(անգլ.)

  • George S. Patton, Jr., The poems of General George S. Patton, Jr.: lines of fire, edited by Carmine A. Prioli. Edwin Mellen Press, 1991.(անգլ.)
  • Patton’s photographs: war as he saw it. ed by Kevin Hymel Potomac Books,
    ISBN 1-57488-871-4 (2006) (Hard Cover);
    ISBN 1-57488-872-2 (2006) (Soft Cover; Alkali Paper).(անգլ.)
  • Blumenson, Martin. The Patton Papers. Vol. 1, 1885—1940.;
    ISBN 0-395-12706-8 (Hard Cover) Houghton Mifflin Co., 1972. 996 pp.
    ISBN 0-306-80717-3 (Soft Cover; Alkali Paper) Da Capo Press; 1998; 996 pp.(անգլ.)
  • Blumenson, Martin. The Patton Papers: Vol. 2, 1940—1945.;
    ISBN 0-395-18498-3 (Hard Cover); Houghton Mifflin, 1974. 889 pp.
    ISBN 0-306-80717-3 (Soft Cover; Alkali Paper); Da Capo Press, 1996. 889 pp.(անգլ.)
  • Patton, Robert H. The Pattons: A Personal History of An American Family;
    ISBN 1-57488-127-2 (Soft Cover); Crown Publishers (1994); Brassey’s (1996) 320 pp.(անգլ.)
  • Platt, Anthony M. with O’Leary, Cecilia E. «Bloodlines: Recovering Hitler’s Nuremberg Laws, From Patton’s Trophy To Public Memorial.»;
    ISBN 1-59451-140-3 (paperback); Paradigm Publishers, 2006. 268 pp.(անգլ.)

Երկրորդական աղբյուրներ

  • Гордиенко А. Н. Командиры Второй мировой войны. Т. 1. — Минск, 1997. — ISBN 985-437-268-5
  • Sobel, Brian. The Fighting Pattons
    ISBN 0-440-23572-3 (Soft Cover) Dell Publishing, 1997; Praeger Publishers Reprint, July, 2000.(անգլ.)
  • Axelrod, Alan. Patton: A Biography. Palgrave Macmillan, 2006. 205 pp.(անգլ.)
  • Berragan, G. W. «Who Should Bear Primary Responsibility for the Culmination of Patton’s Us Third Army on the Moselle in 1944? Are There Lessons for Contemporary Campaign Planning?» Defence Studies 2003 3(3): 161—172. Issn: 1470—2436 Fulltext in Ingenta and Ebsco.(անգլ.)
  • Martin Blumenson. Patton: The Man Behind the Legend, 1885—1945 (1985) ISBN 0-688-06082-X(անգլ.)
  • Blumenson, Martin. The Battle of the Generals: The Untold Story of the Falaise Pocket — the Campaign That Should Have Won World War II. 1993. 288 pp.(անգլ.)
  • Carlo D’Este. Patton : A Genius for War HarperCollins, (1995). 978 pp. ISBN 0-06-016455-7(անգլ.)
  • Dietrich, Steve E. «The Professional Reading of General George S. Patton, Jr.» Journal of Military History 1989 53(4): 387—418. Issn: 0899-3718 Fulltext in Jstor(անգլ.)
  • Essame, H. Patton: A Study in Command. 1974. 280 pp.(անգլ.)
  • Stanley P. Hirshson. General Patton: A Soldier’s Life. (2002) ISBN 0-06-000982-9(անգլ.)
  • Ladislas Farago. Patton: Ordeal and Triumph. ISBN 1-59416-011-2(անգլ.)
  • Nye, Roger H. The Patton Mind: The Professional Development of an Extraordinary Leader. Avery, 1993. 224 pp.(անգլ.)
  • Pullen, John J. «'You Will Be Afraid.'» American Heritage 2005 56(3): 26-29. Issn: 0002-8738 Fulltext in Ebsco.
  • Rickard, John Nelson. Patton at Bay: The Lorraine Campaign, September to December 1944. Praeger, 1999. 295 pp.(անգլ.)
  • Dennis Showalter. Patton and Rommel: Men of War in the Twentieth Century (2005). ISBN 978-0-425-20663-8.(անգլ.)
  • Smith, David Andrew. George S. Patton: A Biography. Greenwood, 2003. 130 pp.(անգլ.)
  • Spires, David N. Patton’s Air Force: Forging a Legendary Air-Ground Team. Smithsonian Inst. Pr., 2002. 377 pp.(անգլ.)
  • Brenton G. Wallace. Patton & His Third Army ISBN 0-8117-2896-X(անգլ.)
  • Russell F. Weigley. Eisenhower’s Lieutenants: The Campaign of France and Germany 1944—1945, (1990)(անգլ.)
  • Wilson, Dale Eldred. `Treat 'Em Rough'! The United States Army Tank Corps in the First World War. Temple U. Press (1990). 352 pp.(անգլ.)
  • Bartolone, Giovanni Le altre stragi. Le stragi alleate e tedesche nella Sicilia del 1943-1944. — Багерия|Bagheria: Tipografia Aiello & Provenzano, 2005.
  • Botting, Douglas; Ian Sayer Hitler's Last General: The Case Against Монке, Вильгельм|Wilhelm Mohnke. — London, 1989. — С. 354—359. — ISBN 0593017099
  • Robbins, Christopher Test of Courage: The Michel Thomas Story. — New York: Simon & Schuster, 2000. — ISBN 9780743202633
  • Weingartner, James Massacre at Biscari: Patton and An American War Crime(անգլ.) // The Historian : journal. — 1989. — Т. LII. — № 1. — С. 24—39.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 Lovelace A. Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 1 2 3 4 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  5. ↑ Pas L. v. Genealogics — 2003.
  6. ↑ Patton, George Smith Jr.
  7. ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_342/oceneni-mesta.aspx
  8. ↑ Axelrod A. Patton: A Biography. — Лондон, 2006. — P. 11—12. — ISBN 978-1-4039-7139-5
  9. ↑ Axelrod A. Patton: A Biography. — Лондон, 2006. — P. 11—15. — ISBN 978-1-4039-7139-5
  10. ↑ «George Smith Patton» (անգլերեն).
  11. ↑ Blumenson, Martin (1972), The Patton Papers: 1885—1940, Boston, Massachusetts: Houghton Mifflin, ISBN 0-395-12706-8
  12. ↑ «The Badass of the Week: George S. Patton» (անգլերեն). badassoftheweek.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  13. ↑ Charles M. Province. «George S. Patton, Jr. U.S. Army, 02605 1885—1945» (PDF) (անգլերեն). The Patton Society. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  14. 1 2 Manning, Scott (2006 թ․ սեպտեմբերի 30). «What if Japan Invaded Mexico in June of 1942?» (անգլերեն). Digital Survivors. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. ↑ Biscari massacres(չաշխատող հղում) на allexperts.com
  16. ↑ MultiTran Արխիվացված 2007-09-28 Wayback Machine: общ. — военный невроз; психическая травма, полученная во время боя; мед. — невроз военного времени; психол. — шок от контузии; редк. — контузия
  17. ↑ Berragan, G. W. «Who Should Bear Primary Responsibility for the Culmination of Patton’s Us Third Army on the Moselle in 1944? Are There Lessons for Contemporary Campaign Planning?» Defence Studies 2003 3(3): 161—172. Issn: 1470—2436 Fulltext in Ingenta and Ebsco.
  18. ↑ Carlo D’Este. Patton : A Genius for War HarperCollins, (1995).
  19. ↑ Зорин А. В. Черчилль против Эйзенхауэра. Участие армии США в освобождении Чехословакии в 1945 году. // Военно-исторический журнал. — 2018. — № 5. — С.26—32.
  20. ↑ «American Battle Monuments Commission». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  21. ↑ Martin Blumenson,Kevin M. Hymel. Patton: Legendary Commander Արխիվացված 2014-05-13 Wayback Machine (p. VII)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փաթթոն» հոդվածին։