Սեղանատուն


Սեղանատուն, ճաշկերույթների համար նախատեսված սրահ կամ առանձին շինություն։ Տարբեր ժողովուրդներ սեղանատուն կառուցել են դեռևս հնագույն ժամանակներից։ Միջնադարում լայն տարածում է գտել պալատական և վանքային համալիրներում։ Հայաստանում սեղանատներ կառուցվել են Ուրարտուի ժամանակաշրջանից։ Հայկական պալատական և վանքային համալիրներում եղել են ինչպես ներկառուցված (էջմիածին, Տաթևի մեծ անապատ ևն), այնպես էլ առանձին կանգնած սեղանատներ (Քոբայրի, Թեղենյաց, Կիրանց վանքեր)։ Որպես կանոն հատակագծում ուղղանկյուն, երկարավուն դահլիճներ են մինչև 200 մ² մակերեսով։ Հիմնականում եղել են թաղածածկ ուժեղացված թաղակիր կամարներով (օրինակ, Զվարթնոց, Անի, Տաթև), ավելի սակավ, երդիկավոր վեղարածածկով իրականացված երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով, հայկական ժողովրդական տան ծածկի կառուցվածքային հորինվածքի սկզբունքի ազդեցությամբ (Հաղարծին, Հաղպատ)։ Սեղանատների հարդարանքում կիրառվել են քանդակազարդ շրջակալներով որմնախորշեր ու բացվածքներ, որմնասյուներ, զարդապատկերներով փորագրազարդումներ, որմնանկարներ (Աղթամար, Կիրանց վանք)։ Իրենց ծավալատարածական լուծումներով սեղանատները մեծ դեր են ունեցել անսամբլների ճարտարապետության կերպարում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Xалпахчьян О․ X․, Гражданское зодчество Армении, М․, 1971․
- Xалпахчьян О․ X․, Средневековое зодчество армении и его значение в истории мировой архитектуры. МАКС ПРЕСС, Москва – 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 277)։ |